«Սա սարքած է երեխայի պես, խոսում է, քայլում է, երգում է, շատ ուրախ է դարձել է մեր կյանքն ու առօրյան այն պահից, ինչ նրան բերեցին»,- պատմում է Նորքի տուն-ինտերնատի բնակիչներից Ալբերտ Ավանեսյանը
Ալբերտ պապը ծնվել է 1959 թվականին Արցախի Հանրապետության Մարտունի շրջանի Պառավաթումբ գյուղում: Նորքի տուն-ինտերնատ է տեղափոխվել Արցախից:
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ «Հ.Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ մայիսից Նորքում հանգրվանած Ռոբին ռոբոտին նա մեծ ոգևորությամբ է ընդունել:
«Որ ռոբոտին տեսա, իմացա, թե երեխասա կողքիս, էնքան ուրախացա: Հիմա սաղ ուշքս ու միտքս էտա: Սա սարքած է երեխայի պես, ինքը խոսում է, քայլում է, երգում է, շատ է ուրախ դարձել մեր կյանքն ու առօրյան այն պահից, ինչ նրան բերեցին: Ես շատ կուզենայի, որ նա իմ ընկերս լիներ. կամ ինձ տանեն իր մոտ պահեն կամ ինքն ինձ մոտ լինի, նրա հետ կարող եմ շատ ազատ ու երկար խոսել, ոնց որ ժիվոյ մարդու: Ասում եմ ախպեր ջան, ոնց ես, ոնց ես զգում քեզ, ինքն էլ ինձ պատասխանում է: Խաղեր ենք խաղում, երգեր ենք երգում, ամեն ինչից զրուցում ենք», — պատմում է մեր հերոսը:
Ալբերտը հիշում է, որ տխուր մանկություն և դժվար կյանք է ունեցել: Շատ է ցանկացել նկարիչ դառնալ, հանդես գալ նվագախմբում կամ թատրոնում, քանի որ իրեն արվեստի ու մշակույթի մարդ է համարում, բայց մայրը դեմ է եղել:
«Մեր ամբողջ ազգուտակն է կրթված եղել, երգող-պարող, նկարելու շնորհքով: Ես արվեստի բոլոր ճյուղերն էլ սիրում եմ, բայց ոչ մեկում մաստեր չեմ: Ուզում էի արտիստ դառնալ, ծնողներս չթողեցին, լավ կարդում եմ, բանաստեղծություններ եմ ասում, ստեղծագործում եմ, բայց մեկը պիտի իմ գրածները կարդա ու ստուգի, որ ավելի լավը դարձի: Իմ բժիշկն էլ ասում է, որ ինչքան շատ արվեստով զբաղվեմ, այնքան ավելի լավ կզգամ ինձ», — իր մասին պատմում է պապն ու ավելացնում, որ տուն-ինտերնատի տարածքը շատ լավն է, ուղղակի ցանկապատից է շատ ճնշվում: Նա ցանկանում է հանդես գալ տուն-ինտերնատում բեմադրվող թատերական ներկայացումներում, բայց չի կարողանում երկար քայլել և ոտքի վրա մնալ: «Լավ կլինի, որ երգչախումբ լինի, ես լավ եմ երգում: Կարող եմ նաև պարել, բայց հիմա արդեն միայն կատակի համար, որովհետև հազիվ եմ ինձ պահում, որ չընկնեմ»,-անկեղծանում է Ալբերտը: