Այս տարվա հունիսին «Ալցհայմերի խնամք Հայաստան» հասարակական կազմակերպության «Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում Երեւանի մանկական այգու «Թեյի տնակ» սրճարանում բացվեց «Հիշողության սրճարան Երեւան» ժամանցի վայրը։
Յուրաքանչյուր չորեքշաբթի՝ 10։30-12։00-ն, այստեղ հյուրընկալվում են հիշողության խանգարում ունեցող տարեցները, նրանց ընտանիքների անդամներն ու խնամողները. հյուրասիրությունն անվճար է։ Հիշողության սրճարանում տարեցները հետաքրքիր առօրյա ունենալու, նոր բաներ սովորելու, առողջ ապրելակերպի կանոններին հետեւելու հնարավորություն են ունենում, ինչը մարզում է հիշողությունն ու դանդաղեցնում է ծերացումը։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» ՀԿ-ն Երեւանում եւ մարզերում անցկացնում է հիշողության անվճար թեստավորում, որին մասնակցում են թեստավորվել ցանկացող 40 եւ ավելի տարիքի քաղաքացիները։ Այն քաղաքացիները, որոնց թեստերի արդյունքները մտահոգիչ են լինում, ոչ միայն խորհուրդներ են ստանում մասնագետներից, այլեւ հրավիրվում են հիշողության սրճարան։ Ոմանք էլ իրենց ընկերներից կամ մամուլում հայտնված հրապարակումներից են իմացել հիշողության սրճարանի մասին ու սկսել են հաճախել։
71-ամյա Աիդա Սինանյանը վերջերս մասնակցել է Երեւանում՝ Ազատության հրապարակում անցկացված հիշողության թեստավորմանն ու մասնագետների խորհրդով սկսել է հաճախել հիշողության սրճարան։ Աիդա Սինանյանը սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում (այժմ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), մասնագիտությամբ էլեկտրաքիմիկ է, երկար տարիներ աշխատել է Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում, ապա՝ արդյունաբերության նախարարությունում, սոցիալական ապահովության ծառայության «Կենտրոն-1» տարածքային բաժնում, իսկ 2014-ին գլխուղեղի իշեմիկ կաթվածից հետո Աիդան հիշողության խնդիրներ է ունեցել ու դադարել է աշխատել։
«Հետո նաեւ սրտամկանի ինֆարկտ ստացա, բայց աստիճանաբար կազդուրվեցի, ինձ համար առողջ ապրելակերպ մշակեցի, ջանում եմ առողջ սնվել։ Ես սիրում եմ շփվել մարդկանց հետ, հաճախ համերգների եմ գնում, նաեւ որոշ մշակութային միջոցառումների եմ մասնակցում, բուռն մշակութային կյանքով եմ ապրում, ամեն օր քայլում եմ․ կարծում եմ՝ սրանք են ինձ օգնում, որ ինձ ծեր չզգամ, կյանքով լի լինեմ»,- պատմում է Աիդան։
Նա հիշողության սրճարանում նոր ընկերներ է գտել, հիանալի ժամանակ է անցկացնում, հիշողությունը մարզող եւ ինտելեկտուալ խաղերի է մասնակցել։ Աիդան հիշողության սրճարանից դուրս գալուց հետո էներգիայով է լցվում, անհամբեր սպասում է չորեքշաբթի օրվան, որ հաճախի հիշողության սրճարան, որը նոր ընտանիք է դարձել։
«Վստահաբար կարելի է 60-70 տարեկանից հետո էլ երիտասարդ զգալ, կյանքով լի լինել, պարզապես մարդը պետք է առողջ ապրելակերպ ունենա, առողջ սնունդ օգտագործի, ամեն օր կարդա, ինքն իր հիշողությունը մարզի, շատ շփվի մարդկանց հետ եւ իր սիրելի զբաղմունքով հաճախ զբաղվի»,- ասում է Աիդան։
Նա միայնակ է ապրում, բայց դուստրն ու թոռնիկները հաճախ են հյուր գալիս։ Աիդան սիրում է տարբեր ճաշատեսակներ պատրաստել, գործել ու ասեղնագործել։ Ինչպես ինքն է ասում, տանը կենցաղային բոլոր գործերն ինքն է անում, չի զլանում։
Հոդվածն ամբողջությամբ՝ Ալիք մեդիա