Health Coalition Armenia

Կոալիցիայի ստեղծումը կնպաստի պետության և ՀԿ-ների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը

Health Coalition Armenia«Ալցհայմերի խնամք Հայաստանը», ի թիվս 40-ից ավելի պետական ու մասնագիտական կազմակերպությունների, այսօր ստորագրել է գործակցության հուշագիր` միանալով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ ստեղծված «Հոգեկան առողջություն» կոալիցիային։

Նախաձեռնության նպատակն է մեկտեղել ջանքերը հոգեկան առողջության ոլորտի շարունակական զարգացման, հասանելի, մատչելի, արդիական և բարձր որակի ծառայությունների տրամադրման, ինչպես նաև կորոնավիրուսով ու հետպատերազմյան շրջանում հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված մարտահրավերներին դիմակայելու գործում։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Հոգեկան բարեկեցությունը յուրաքանչյուրիս կյանքի որակի հիմնաքարն է, և կոալիցիայի ստեղծումը կնպաստի պետության և ՀԿ-ների ներուժի ամբողջական և լիարժեք ներգրավմանը, իսկ արդյունավետ և շարունակական գործակցությունը թույլ կտա դիմակայելու հոգեկան առողջության մարտահրավերներին»,- նշել է նախարար Ա.Ավանեսյանը: