healthy aging

«Երկրորդ շնչառություն». Սամսոն Խաչատրյան

Առողջ ծերացումը ծերունական թուլամտությունից հստակ տարբերակելը դյուրին գործ չէ, այդ ուղղությամբ այսօր էլ աշխատում են աշխարհի հայտնի գիտահետազոտական ինստիտուտներն ու մասնագետները:

Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, ՀՀ ԱՆ նյարդաբանության գծով խորհրդատու Սամսոն Խաչատրյանի խոսքերով, դեմենցիայի ախտորոշումը մեր երկրում հաստատում են նեղ մասնագետները՝ նյարդաբաններն ու հոգեբույժները:

Կլինիկական դրսևորումներն ուսումնասիրելուց և հարազատների դիտարկումները լսելուց զատ, հայ բժիշկները նույնպես կատարում են ստանդարտացված սանդղակային գնահատում՝ գնահատելով բուժառուի կոգնիտիվ գործառույթները աշխարհում ճանաչում ունեցող և մեր երկրում արդեն տեղայնացված, ադապտացված հատուկ թեստերի միջոցով:

«Այստեղ որոշակի դեր խաղում է կրթության մակարդակը: Ամբողջ կյանքի ընթացքում կուտակած գիտելիքների և հմտությունների պաշարը, լեզուների իմացությունը կոգնիտիվ այն պաշարն են, որ որոշ չափով կարող են իրավիճակը փոխել տարեց ժամանակ»,- վստահեցնում է բժիշկը:

Նրա խոսքերով, դեմենցիա կարող է զարգանալ նաև անոթային խանգարումների և որոշ ինֆեկցիաների պատճառով, եթե ժամանակին խնդիրները չարձանագրվեն: Մեկ այլ կարևոր հանգամանք շաքարային դիաբետի բուժման հիմնական պրեպարատներից մեկն է, որ երբեմն հանգեցնում է վիտամին Բ 12 պակասի, ինչը նույնպես դեմենցիայի պատճառ կարող է դառնալ:

«Եթե բուժառուի գանգատները՝ ցրվածություն, հիշողության վատթարացում, ընկալման և մտածելու հետ կապված խնդիրներն ի հայտ են գալիս մինչև 65 տարեկանը, ապա ավելի մեծ ուշադրություն է հարկավոր, քանի որ մինչ այդ անձն ակտիվ ու աշխատող էր և հանկարծ սկսում է փոխվել»,- բացատրում է բժիշկ Սամսոնը՝ ավելացնելով, որ խնդիրը կարող է զարգանալ նաև այլ պատճառներով, որոնք մասնագետներն անպայման պետք է փորձեն հերթով բացառել:

Թեթև կոգնիտիվ խանգարումների դեպքում բուժառուին խորհուրդ է տրվում ուղեղը խթանող վարժություններ կատարել, ֆիզիկապես ակտիվ կյանք վարել, կարգավորել քնի ռեժիմը և հետևել սննդակարգին: Ինչ վերաբերում է տարեց ազգականին կամ ընտանիքի անդամին առաջին անգամ բժշկի տանելու հարցին՝ բժիշկը խորհուրդ է տալիս ամեն դեպքում մեղմ բացատրել ու համոզել, ներգրավել այն զավակներին, ում հետ նրանք ավելի շատ են կապված և ավելի են վստահում:

Անդրադառնալով առողջապահական համակարգի պատրաստվածության մասին հարցին՝ Ս.Խաչատրյանը տեղեկացրել է, որ արդեն աշխատանքներ են տարվում գնահատման նշված սանդղակների կիրառման ուղեցույցների մշակման ուղղությամբ, ինչը մեծ աջակցություն է ԱԱՊ օղակի համար: «Խնդիրն արդեն այնքան տարածված է, որ մենք ունենք ընտանեկան բժիշկների օգնության և մասնակցության կարիքը: Հարկավոր է նրանց պատրաստել, որ կարողանան հիվանդության ընթացիկ վարումն ապահովել»,- արձանագրում է Սամսոն Խաչատրյանը՝ հավելելով, որ հեռու չէ այն օրը, երբ առաջնային օղակը նույնպես ներգրավված կլինի դեմենցիայի վաղ կանխարգելման և վարման շղթայում: