«Երկրորդ շնչառություն» ռադիոհաղորդման հինգերորդ թողարկման հյուրը ՀՀ առողջապահության նախարարի հոգեբուժության հարցերով գլխավոր խորհրդատու, հոգեբույժ Գևորգ Փաշիկյանն է։
Ըստ ՄԱԿ-ի հետազոտությունների՝ բնակչության մոտ 15 տոկոսի մոտ կան կոգնիտիվ ոլորտի հետ կապված խնդիրներ, և, կանխատեսումների համաձայն, 2050 թվականին դեմենցիա ունեցողների թիվը կրկնապատկվելու է աշխարհում։ Ըստ Փաշիկյանի՝ նեղ մասնագետը դեմենցիան ախտորոշում է միայն կես տարի դիտարկումներ և հետազոտություններ անելուց հետո։
Դեմենցիայի առաջին նշանները նկատելիս՝ նեղացկոտություն, ցրվածություն, մեկուսացում, բնավորության գծերի սրացումներ և վարքային խանգարումներ, հարկավոր է դիմել բժշկի։ Այսօր մարդիկ կարող են դիմել նաև ընտանեկան բժիշկների, ըստ անհրաժեշտության՝ նրանք կուղղորդվեն նյարդաբանի կամ հոգեբույժի։
Բժշկի խոսքերով, դեմենցիան նորմալ ծերացումից տարբերվում է նրանով, որ կարող է ի հայտ գալ ավելի վաղ տարիքում, բայց ավելի շատ պատահում է 60 տարեկանից հետո։ Բացի դրանից, ճանաչողական ֆունկցիաների խանգարումները դեմենցիայի պարագայում ավելի արտահայտված են և հանգեցնում են հարմարվողականության խնդիրների և սոցիալական մեկուսացման։
Ամբողջ աշխարհում դեմենցիայի ամենատարածված տեսակը Ալցհայմերի հիվանդությունն է, այնուհետև անոթային դեմենցիան։ Վերջինը Հայաստանում շատ է տարածված։ Հիվանդության առաջացմանը նպաստող գործոնները լինում են շտկվող և անխուսափելի։ Ծերությունը, ժառանգականությունը և սեռը դասվում են չշտկվող գործոնների թվին։ «Ապացուցված է, որ կանայք ավելի են հակված դեմենցիայի, քան տղամարդիկ»,-հավաստիացնում է բժշիկ Փաշիկյանը։ Իսկ զարկերակային գերճնշումը, էնդոկրին հիվանդությունները, մասնավորապես, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, կարելի է բուժել՝ այդպիսով կանխարգելելով դեմենցիան։
Կանխարգելումն ու վաղ ախտորոշումը դեմենցիայի պարագայում նույնպես չափազանց կարևոր են, քանի որ թույլ են տալիս բարելավել կյանքի որակն ու երկարացնել հիվանդի կյանքի տևողությունը։ «Դեմենցիայի բուժման հիմնական նպատակը հենց բուժառուի համար որակյալ կյանք և սոցիալականացում ապահովելն է»,- ասում է բժիշկը։
Պետական առողջապահական քաղաքականությամբ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներն այս տարի սահմանված են որպես առաջնահերթություն, իսկ դեմենցիան դրա անքակտելի մասն է։ Մասնագետը տեղեկացրել է, որ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունը Դավոսի Ալցհայմերի համագործակցության դրամաշնորհի շրջանակում դեմենցիայի վաղ կանխարգելման նպատակով մեր երկրում կատարում է լայնածավալ սքրինինգային հետազոտություն, և տվյալները շատ օգտակար են լինելու առողջապահական համակարգի համար։