Առողջ ուղեղի հայկական ծրագրի մասնագետները հանդիպել են Նյարդաբանության համաշխարհային ֆեդերացիայի նյարդահամաճարակաբանության խմբի նախագահ, Ուրուգվայի նյարդահամաճարակաբանության պրոֆեսոր Կառլոս Կեցոյանին։
«Կլինիկական և համաճարակային հետազոտության մեթոդաբանություն» դասընթացի ընթացքում բժիշկ Կեցոյանը ներկայացրել է իր կողմից իրականացված հետազոտությունները և ուսումնասիրությունները, որոնք հիմնականում ուղղված են եղել նյարդաբանական հիվանդություններին։ Նա խոսել է նաև դեմենցիայի և Ալցհայմերի հիվանդության կանխարգելման միջոցառումների, հիշողության թեստավորման և գնահատման նոր գործիքների մասին։
Անդրադառնալով Ուրուգվայում իրականացված հետազոտություններին՝ նշել է, որ հիմնականում դրանք եղել են ամբողջ ազգաբնակչության համար և նպատակ են ունեցել միանգամից վերհանել առկա հիվանդությունները։
Հանդիպման ընթացքում մեր մասնագետներն իրենց հերթին ներկայացրել են այս պահին Երևանում և մարզերում իրականացվող հիշողության թեստավորման և գնահատման աշխատանքների արդյունքները․ ի՞նչ հետազոտության թեստեր են օգտագործում, ի՞նչ գործիքներ են կիրառում և ի՞նչ խնդիրների են առնչվում։
Երկուստեք կարևորել են նաև հիվանդությունների բացահայտման և կանխարգելման մասին իրազեկ լինելու անհրաժեշտությունը։ Տեղյակ լինելով յուրաքանչյուր հիվանդության ախտանշաններին ու հետագա բարդություններին՝ մարդը կարողանում է ավելի շուտ կանխարգելել, ինչու չէ նաև դանդաղեցնել հիվանդության ընթացքը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռքբերվել հետագա համագործակցության և փորձի փոխանակման համար։