Alzheimer's Caregiving Armenia

Օրական 6 ժամից քիչ քնելը մեծացնում է Ալցհայմերի ռիսկը

Համաձայն նոր զեկույցի՝ տղամարդիկ և կանայք, ովքեր 50-60 տարեկանում բավականաչափ չեն քնում,  տարիքի հետ դեմենցիայի զարգացման բարձր ռիսկի գոտում են: Ուսումնասիրություններն ապացուցում են, որ քնի խանգարումները հանգեցնում են Ալցհայմերի հիվանդության և դեմենցիայի այլ տեսակների ռիսկի բարձրացմանը: Երկարատև ուսումնասիրության համար հետազոտողները 25 տարվա ընթացքում հետևել են 7959 չափահաս բրիտանացիների. ոմանց նրանք հետևել են մինչև 35 տարի: Բոլորն էլ շարունակական հետազոտության մաս են կազմել, որը հետևել է նրանց առողջությանը՝ սկսած 1985թ.: Մասնակիցներն իրենք են զեկուցել, թե քանի ժամ են սովորաբար քնում ամեն գիշեր: Ոմանք կրել են քնի ընթացքը հետևող ժամացույցներ, որոնք լրացուցիչ տվյալներ են տրամադրել նրանց գիշերային քնի սովորությունների մասին: Բացի այդ, կլինիկական պայմաններում քնի ռեժիմը գրանցվել է վեց անգամ՝ հետազոտության սկզբից մինչև 2016թ․: Հետազոտության ավարտին 521 անձի մոտ ախտորոշվել է Ալցհայմերի հիվանդություն կամ դեմենցիայի այլ ձև՝ միջինը 77 տարեկանում: Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր սկսած 50 տարեկանից կանոնավոր կերպով վեց ժամ կամ ավելի քիչ են քնում շաբաթվա օրերին, մոտ 30 տոկոսով ավելի հավանական է, որ 70-ն անց տարիքում դեմենցիա կունենան, քան նրանք, ովքեր օրական առնվազն յոթ ժամ են քնում: Արդյունքների մասին զեկուցվել է հեղինակավոր և պատվավոր “Nature Communications” ամսագրում:

Հետազոտողները հաշվի են առել մի շարք գործոններ, որոնք կարող են մեծացնել դեմենցիայի ռիսկը, այդ թվում՝ կամավորների մոտ արյան բարձր ճնշումը, շաքարախտը կամ գիրացումը, արդյոք նրանք ծխո՞ւմ են, թե՞ դեպրեսիա ունեն, որքա՞ն ալկոհոլ են նրանք օգտագործում կամ որքա՞ն միրգ և բանջարեղեն են կերել, և նրանց մարզվելու սովորությունները: Միջին տարիքում ավելի քիչ ժամ քնելն ակամայից կապված է դեմենցիայի զարգացման ավելի մեծ ռիսկի հետ: Քնի ռեժիմի փոփոխությունները սովորական են այն մարդկանց մոտ, ովքեր ունեն Ալցհայմերի հիվանդություն և դեմենցիայի այլ ձևեր: Բայց դժվար է հասկանալ՝ արդյոք Ալցհայմերի հիվանդության պարագայում ուղեղում փոփոխություններն են հանդիսանում քնի խանգարման պատճառ, թե՞ խանգարված քունն է դեր խաղում դեմենցիայի զարգացման մեջ: Քնի և դեմենցիայի վերաբերյալ հետազոտությունների մեծ մասը տևում է 10 տարի կամ ավելի քիչ, իսկ Ալցհայմերի հիվանդության դեպքում ուղեղի փոփոխությունները սովորաբար սկսվում են հիշողության կորստի պես ախտանիշների ի հայտ գալուց 15-20 տարի առաջ:

Այս հետազոտությունը տևել է ավելի քան երեք տասնամյակ և հետևել է մասնակիցների քնին՝ սկսած 50 տարեկանից: Հետազոտողները նշում են՝ այդ տարիքում ավելի քիչ հավանական է, որ Ալցհայմերի հիվանդության պարագայում ուղեղի ցանկացած սկզբնական փոփոխություն՝ ներառյալ ուղեղում ամիլոիդային հաստուկների և տաու հյուսվածքների կուտակումը, մեծ ազդեցություն ունենան քնի վրա։ Ստացված արդյունքները ամուր ապացույցներ են տալիս, որ քնի տևական խանգարումները իրենց դերն ունեն ուղեղի առողջության վրա՝ ներառյալ Ալցհայմերի հիվանդության ռիսկը: Հարկ է նշել, որ այսօր դեռ պարզ չէ, թե որն է քնի գործառույթը, բայց հայտնի է, որ այն կենսական նշանակություն ունի, և համարվում է, որ այն ծառայում է որպես վերականգնողական շրջան նյարդային բջիջները սառեցնելու և նոր հիշողությունները կոնսոլիդացնելու, գուցե նաև կազմակերպելու: Որոշ հետազոտություններ նաև ենթադրում են, որ քունը կարող է խաղալ «տան մաքրման» դեր՝ օգնելով մաքրել ուղեղը և ողնուղեղի հեղուկը թունավոր սպիտակուցներից, որոնք կարող են հանգեցնել հաստուկների և հյուսվածքների կուտակմանը: Բավարար քնի բացակայությունը կարող է թուլացնել այս զտման հետևանքները: Քանի դեռ Ալցհայմերի հիվանդության ավելի արդյունավետ բուժումներ կամ դեղամիջոցներ չեն հայտնաբերվել, առողջ քունը կարող է երկար տարիներ դեմենցիայի զարգացումը դանդաղեցնելու միջոցներից մեկը լինել։

Ապրիլի 30, 2021թ․

ALZinfo.org