Alzheimer's Caregiving Services Armenia

Աչքի փոփոխությունները՝ Ալցհայմերի հիվանդության վաղ նախանշան

Համաձայն երկու նոր հետազոտությունների՝ աչքի առանձնահատուկ փոփոխությունները կարող են լինել Ալցհայմերի հիվանդության վաղ նախանշան։ Ստացված արդյունքները կարող են առաջ բերել Ալցհայմերի հիվանդության ամենավաղ փուլերը հայտնաբերելու համար աչքի պարզ թեստ, նախքան հիշողության կորստի նման ախտանիշներն ակնհայտ կդառնան, և ուղեղն առավել կախտահարվի: Հետազոտողները կարծում են, որ վաղ հայտնաբերումը կարևոր է, քանի որ դա կարող է լինել այն ժամանակահատվածը, երբ դեղամիջոցները և այլ բուժումները կարող են առավել արդյունավետ լինել հիվանդության դեմ պայքարում:

Մի հետազոտությունում Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները ուսումնասիրել են նորմալ մտածողության և հիշողության կարողություններ ունեցող 75 տարեց տղամարդկանց և կանանց: Մեծամասնությունը 70 տարեկան է: Ոմանք կրում էին APOE-E4 գենի այն տարբերակը, որը բարձրացնում է Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկը:

Հետազոտողները սկանավորել են նրանց ցանցաթաղանթը՝ աչքի ետևի մասում լուսազգայուն շերտի վրա: Ցանցաթաղանթի սկանավորումը արյունատար անոթների հետազոտության վրա հիմնված կենսաչափական մեթոդ է (չշփոթել ծիածանաթաղանթի սկանավորման հետ): Թեստը գնահատում է մազանոթները, փոքր արյունատար անոթները, որոնք թթվածին և սննդանյութեր են տեղափոխում մարմնի տարբեր մասեր: Մարդիկ, ովքեր կրում էին APOE-E4 գենի տարբերակը, ունեին ցանցաթաղանթի մազանոթների ավելի ցածր խտություն՝ համեմատած գենի այդ տարբերակը չունեցող իրենց հասակակիցներին: Ցանցաթաղանթում արյունատար անոթների ցածր խտությամբ անձանց  գլխուղեղում արյան շրջանառությունը ևս ցածր էր:

«Մենք դեռ լիովին չենք հասկանում, թե ինչպես է APOE-E4 գենի տարբերակը մեծացնում ուղեղի դեգեներացիայի վտանգը, մենք պարզապես գիտենք, որ դա այդպես է, և որ այդ ռիսկը կախված է սեռից, ռասայից և կենսակերպից», — ասում է հետազոտության ղեկավար, գիտությունների դոկտոր Ֆանի Էլահին։

Դոկտոր Էլահիի և մյուսների կողմից ավելի վաղ հետազոտությունը ենթադրել է, որ ուղեղում այս փոքր արյունատար անոթները կարող են դեր խաղալ Ալցհայմերի հիվանդության զարգացման մեջ, քանի որ դրանք մատակարարում են սննդանյութեր և թթվածին, տանում են մնացուկները և կարգավորում են իմունային ռեակցիաները: Նրա խոսքով, այս արյունատար անոթների վնասումը կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ՝ ներառյալ թունավոր բետա-ամիլոիդ սպիտակուցի կուտակումը և Ալցհայմերի հիվանդությամբ տառապող մարդկանց ճանաչողական գործառույթների նվազեցումը:

«Սա առաջին անգամն է, որ մենք ողջ, ասիմպտոմատիկ մարդկանց մոտ ցույց ենք տալիս, որ փոքր արյունատար անոթները ազդում են APOE-E4 գենը կրողների վրա», — ասել է դոկտոր Էլահին: Արդյունքները, որոնք հրապարակվել են “Alzheimer’s & Dementia. Diagnosis, Assessment & Disease Monitoring” ամսագրում, կարող են հանգեցնել աչքի պարզ և արդյունավետ թեստի՝ հայտնաբերելու Ալցհայմերի ամենավաղ փոփոխությունները, նախքան ուղեղի զգալի ախտահարումը: Դրանք կարող են նաև հանգեցնել բուժման նոր մեթոդների՝ ուղղված ուղեղի փոքրիկ արյունատար անոթներին:

Երկրորդ ուսումնասիրության ընթացքում հետազոտողները Հարավային Կորեայում իրականացրել են աչքերի սկանավորում նորմալ ճանաչողական ֆունկցիաներով 49 տարեց տղամարդկանց և կանանց նմանատիպ խմբում: Պարզել են, որ նրանք, ովքեր ունեին Ալցհայմերի հիվանդություն ունեցողների ուղեղում կուտակվող թունավոր սպիտակուցի՝ բետա-ամիլոիդի ավելի բարձր մակարդակ, աչքի առանձնահատուկ փոփոխություններ են ունեցել: Բետա-ամիլոիդի ամենաբարձր մակարդակ ունեցողների մոտ ցանցաթաղանթում և մակուլայում՝ աչքի ետին մասում, նյարդային մանրաթելերի հաստությունը առավել նվազ էր։

Նյարդային հաղորդունակությունը նույնպես այս հատվածներում ավելի դանդաղ էր: Հեղինակները նշում են, որ Ալցհայմերի հիվանդության բնորոշ նշանի՝ բետա-ամիլոիդի կուտակումը սկսվում է հիշողության կորստի պես կլինիկական ախտանիշների առաջացումից 15-20 տարի առաջ, և որ հիվանդության առաջընթացը զսպելու համար վաղ միջամտությունները կարող են առավել արդյունավետ լինել սկզբնական տարիներին։ «Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ցանցաթաղանթի բիոմարկերները կարող են օգտագործվել որպես Ալցհայմերի վաղ հայտնաբերման սքրինինգային գործիք», — եզրակացրել են հեղինակները: Աչքի պարզ թեստը կարող է մի օր դառնալ Ալցհայմերի հիվանդության մոտալուտ հայտնաբերման կամ դրա զարգացմանը հետևելու ոչ թանկարժեք միջոց: Փորձագետները նշում են, որ վաղ հայտնաբերումը, որին հաջորդում է վաղ բուժումը, կարող է լավագույն հույսը տալ Ալցհայմերի արդյունավետ բուժման և դրա զարգացումը դանդաղեցնելու կամ կանխելու համար: Ներկայիս դեղամիջոցները կարող են մեղմացում լինել որոշ հիվանդների համար, բայց ոչինչ չեն անում հիվանդության ընթացքը դեպի նվազում փոփոխելու համար, մասամբ՝ հիվանդության ուշ փուլերում ուղեղի վիճակի վատթարացման պատճառով:

ALZinfo.org