«Մասնագիտությամբ բուժքույր եմ, երկար տարիներ աշխատել եմ տարբեր բժշկական կենտրոններում, զբաղվել եմ տնային առողջապահական խնամքով, շուրջ 7 տարի խնամել եմ Ալցհայմերի հիվանդություն ունեցող պապիկի։ Հայաստանում մեծ աճ է գրանցվել Ալցհայմերի հիվանդության և շատ օգտակար եմ համարում պրակտիկ աշխատանք իրականցնողների փորձի փոխանակումը։ Այն բարդ աշխատանք է, սակայն երբ գիտակցում ես, որ դու այդ մարդուն պետք ես և ի զորու ես նրան օգնել, բոլոր դժվարությունները մնում են ետևում։
Երկար ժամանակ խնամելով Ալցհայմերի հիվանդություն ունեցող պապիկի, աշխատանքի ընթացքում ձեռք եմ բերել բազմաթիվ հմտություններ, նոր մեխանիզմներ եմ մշակել, որոնց միջոցով հեշտանում է նրանց խնամքը և կարողանում ես փոխել նրանց կյանքի որակը։
Հիվանդության պատճառով խաթարվում է մարդու ճանաչողական ֆունկցիաները․ դժվար են հաղորդակցվում, չեն կարողանում ճիշտ կիրառել բառերը, ժամանակի և տեղանքի հարցում կարող են չկողմնորոշվել, կարող են տանից դուրս գալ ու մոլորվել՝ չհիշելով վերադարձի ճանապարհը, ունենում են անձնային և վարքային մի շարք փոփոխություններ։ Նրանց խնամող անձը պետք է լինի համբերատար և միշտ հիշի, որ դեմենցիան ուղեղի հիվանդություն է, որը հիվանդի ընտրությունը չէ։
Այդ մարդկանց խնամելու ընթացքում ունենում ես յուրահատուկ զգացողություններ ու երբ որևէ նոր հնարք մտածելով կարողանում ես թեթևացնել նրանց առօրյան, մեծ բավականություն ու գոհունակություն ես զգում, որ նրանց մեկ քայլով տանում ես առաջ։
Որպես «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կլինիկական բուժքույր, ձեռք բերած փորձն ու գիտելիքները փոխանցում եմ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամակալներին, բուժքույրերին, ովքեր շփվում են նման հիվանդների հետ և իմ մշակած հնարքներն ու միջոցներն եմ սովորեցնում նրանց՝ խուսափելու համար դժվար իրավիճակներից։
Իմ երկար տարիների փորձն ու հմտությունները սիրով կիսում եմ նրանց հետ և համարում եմ, որ շատ օգտակար աշխատանք ենք իրականացնում։ Այդ հիվանդությունն ունեցող մարդկանց հետ աշխատելու ընթացքում շատ կարևոր է ունենալ ստեղագործ միտք, արագ կողմնորոշվելու ունակություն։
«Առողջ ուղեղի հայկական ծրագրի» շրջանակում մարզային այցելություններ ենք իրականացնում, որոնց ընթացքում տեղի բժշկական կենտրոնի անձնակազմին և բնակիչներին ներկայացնում եմ Ալցհայմերի հիվանդություն ունեցող անձանց խնամքի կազմակերպման ձևերն ու մեխանիզմները, որոնք անհրաժեշտ է իմանալ այդ հիվանդին խնամելու ժամանակ։ Պատմում եմ նաև ո՞ր խնդիրների դեպքում ի՞նչ լուծումներ կան և ի՞նչ հնարքներ է պետք օգտագործել։
Շատ կարևոր եմ համարում իրազեկման աշխատանքները, քանի որ տեղեկացված լինելով հիվանդության մանրամասներին, կարող ենք որևէ կերպ հեշտացնել, կանխարգելել ու դանդաղեցնել հիվանդության ընթացքը, որն իր հերթին հնարավորություն է տալիս մարդուն ավելի հեշտ անցնել այդ դժվար ճանապարհը։
Աշխատանքին զուգահեռ իմ համար կյանքում ամենակարևորը ընտանիքն է, որտեղ պետք է լինի շատ սեր ու համերաշխություն։ Ունեմ 3 տղա թոռնիկ, ովքեր իմ կյանքն ու աշխարհը լցնում են յուրահատուկ գույներով, նրանց հետ անցկացրած յուրաքանչյուր րոպեն նոր ուժ ու էներգիա է հաղորդում ինձ։ Երբ ընտանիքիդ բոլոր անդամները առողջ են ու հաջողակ, տունդ խաղաղ է ու հանգիստ, բոլոր խնդիրները լուծելի են։
Բնույթով համբերատար եմ, սիրում եմ կարեկից լինել մարդուն և օգնել, մարդասիրության շնորհիվ հնարավոր է լուծել նույնսիկ անհնարին թվացող խնդիրները։ Երբ գիտես, որ դու կարող ես օգնել ՄԱՐԴՈՒՆ և փոխել նրա կյանքը, սիրտդ ու հոգիդ լցվում է մեծ բավականությամբ և սիրով»։
Սիլվա Դավթյան
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության կլինիկական բուժքույր