«Ալցհայմերի խնամք Հայաստանի» Հիշողության սրճարանի բացմանը ներկա էր 85-ամյա Յուրի Ավետիսյանը տիկնոջ, ով եկել էր 65-ամյա Ռուզաննա Ջավախյանի հետ։ Նա դժվար կյանք է ունեցել, բայց ապրելու տենչը, կենսասիրությունը օգնել են առաջ ընթանալու։ Կոնսերվատորիայում է սովորել, ջութակահար է, նաեւ սիմֆոնիկ նվագախմբում է նվագել։ Ասում է՝ հատկապես հրաշալի են եղել Օհան Դուրյանի հետ աշխատելու տարիները։ Հետո սկսել է մանկավարժական աշխատանքով զբաղվել, այժմ էլ դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։
Տիկին Ռուզաննան ասում է՝ թեեւ ինքը 65 տարեկան է, բայց ամուսինը կարծես իրենից ավելի երիտասարդ է։ Նա հատուկ սննդակարգ ունի, կնոջն էլ է սովորեցրել երկարակեցության գաղտնիքները, որոնցից ամենակարեւորը բուսակերությունն է ու սպորտով զբաղվելը։
«85 տարեկան եմ, դեռ մի այդքան էլ պիտի ապրեմ Ռուզանիս հետ։ Ես չգիտեմ՝ հիվանդությունն ինչ է»,- ժպիտով ասում է Յուրի Ավետիսյանը։
Նա ազգությամբ գերմանացի է։ Հիշում է՝ 1945 թվականին Գերմանիայի Բոնն քաղաքում ռմբակոծություն էր։ «8 տարեկան էի, այդ սարսափելի օրը, երբ ռմբակոծությունը սկսվեց, փողոցում խաղում էի։ Ծնողներս մահացան, ես ողջ մնացի։ Ես լալիս էի, երբ սովետական բանակի սպա, ազգությամբ հայ մի մարդ գտավ ինձ, ձեռքս բռնեց ու իր հետ տարավ։ Նա գյումրեցի էր, ինձ իր հետ Գյումրի բերեց։ Գյումրիում ինձ որդեգրեց մի հրաշալի ընտանիք։ Իմ անուն, ազգանունը Հանս Ռաուխբերգեր էր, ես ունեցա նոր անուն ու ազգանուն՝ Յուրի Ավետիսյան: Ընտանիքի միակ երեխան էի, նրանք իմ կյանքը սիրով ու ջերմությամբ լցրին, ինձ համար հայր ու մայր դարձան»,- պատմում է։
15 տարեկան էր, երբ հայրը, որ աշխատում էր Գյումրու երկաթուղային կայարանում, մահացավ։ Նրան շարունակեց խնամել դերձակ հաշմանդամ մայրը։ Յուրի Ավետիսյանն ասում է՝ ուսումնարանում եւ կոնսերվատորիայում ուսանելիս շատ դժվար օրեր է տեսել, երբեմն հացի փշրանքներով է գոյատևել, բայց ջութակահար դառնալու երազանքը, ընկերների ու մոր սերն օգնել են առաջ ընթանալու։ Յուրի Ավետիսյանն իրեն ծեր չի համարում։
«Երբ երթուղայինով երթեւեկում եմ, երիտասարդներն իրենց տեղը զիջում են, ասում են՝ նստի՛ր, պապի՛կ ջան, ասում եմ՝ մի՞թե ես պապիկ եմ, դեռ այնքան պիտի ապրեմ, մինչեւ պապիկ դառնամ։ Մարդը պիտի առաջինը հոգով ջահել լինի՝ սիրուն ու ոճային հագնվի, սպորտով զբաղվի, առողջ սնվի, կյանքից հետ չընկնի։ Հուսով եմ՝ այս սրճարանում հետաքրքիր պահեր անցկացնելու հնարավորություն կունենամ»,- ասում է Յուրի Ավետիսյանը։