Մարիամ Բադալյան

«Իրականում ցանկանում էի ունենալ բանասերի մասնագիտություն, բայց հայտնվեցի Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնում։ Այնուհետև որակավորվեցի որպես միջազգային հարաբերությունների մասնագետ, որն օգնեց զարգացնելու վերլուծական մտածողությունս, աշխարհին ու մասնագիտությանս սկսեցի նայել այլ տեսանկյունից։ Սոցիալական աշխատողը պետք է ունենա շատ ճկուն մտածողություն, լինի հոգատար, իր գործին վերաբերվի մեծ պատասխանատվությամբ՝ նա գործ ունի այլ մարդու կյանքի հետ և իրենից է կախված տվյալ անձի կյանքի փոփոխությունը։
Մարդու մեջ գնահատում եմ արդարությունը, ազնվությունն ու հավատարմությունը։ Չեմ սիրում սուտը և հավատացած եմ, որ ստի վրա ոչինչ հնարավոր չէ կառուցել։ Սկզբունքներ որպես այդպիսին չունեմ, կյանքս ու միտքս ազատության մեջ են և ոչ մի բանով ինձ չեմ կաշկանդում։ Մարդուն ընդունում եմ այնպիսին, ինչպիսին կա, այդպես հեշտ է հարաբերություններ ստեղծել ու պահպանել․ պետք է նրան հանգիստ թողնել իր կյանքում որոշումներ կայացնելիս ու ապրելիս։ Այսպես մեծացնում եմ նաև իմ բալիկին՝ տալով ազատություն և հնարավորություն իր կյանքում ազատ ապրելու, վայեյելու յուրաքանյուր ժամն ու րոպեն։
Ընտանիքում ամենակարևորը վստահության մթնոլորտն է, պետք է վստահես քո կողակցին և միևնույն ժամանակ չսահմանափակես նրա ոչ միայն մտքերն ու երազանքները, այլև գործողությունները։ Աշխատում եմ ամեն ինչ անել սեփական ուժերով, եթե կարող եմ անել դա ինքնուրույն, ուրեմն ոչ մեկից օգնություն չեմ խնդրում։ Շատ եմ սիրում ասել «կներես» բառը, որովհետև այդ բառի մեջ մեծ փիլիսոփայություն կա․ եթե դու իրոք զգում ես, որ մեղավոր ես տվյալ արարքը կատարելիս, ապա կներես բառը հանգստություն է պարգևում թե՛ քեզ, թե՛ դիմացինիդ։
Հայրս միշտ ասում է․«Երբեք պետք չէ նեղացած քնել, մտովի պետք է ներողություն խնդրել այն մարդկանցից ում օրվա ընթացքում նեղացրել ես ու հանգիստ խղճով պառկել քնելու՝ նոր բացվող օրվա հետ լինելով ավելի լավը, ավելի բարին ու չարը չճանաչող»։
Աշխատանքային գործունեությունս սկսել եմ կամավոր աշխատանքով։ Շուրջ երեք տարի որպես կամավոր աշխատել եմ «Փրկություն» հասարարական կազմակերպությունում։ Իհարկե սկզբում շատ դժվար էր 18 տարեկան աղջկա համար, ով իր կյանքում երբեք չէր տեսել խնդիր ունեցող անձանց։ Բայց Մարտինի շնորհիվ, ով հաճախում էր այնտեղ, հասկացա, որ ես պետք եմ այդ մարդկանց, ես իրոք սոցիալական աշխատող եմ, ով պարտավոր է օգնության կարիք ունեցող մարդկանց կյանքը փոխել ու պարգևել սեր ու ժպիտ։
Այնուհետև աշխատել եմ Խարբերդի մասնագիտացված մանկատանը, Կարմիր խաչում, Նորքի տուն-ինտերնատում, ինչպես նաև պրոբացիոն ծրագրի շրջանակում անազատության մեջ գտնվող դեռահասների հետ, ում ուղղորդել եմ դիմել որևէ ուսումնական հաստատություն, հավատալ իրենց ուժերին ու փոխել կյանքը։
Նորքի տուն-ինտերնատում աշխատելու ընթացքում ծանոթացա «Ռոբին ռոբոտ» ծրագրին ու այդ ծրագրի շրջանակում նաև դոկտոր Ջեյն Մահաքյանին։ Այնուհետև հայտնվեցի «Ալցհայմերի խնամք Հայաստանում» և Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում ներգրավված եմ որպես սոցիալական աշխատող։ Ինչպես տարեցների, այնպես էլ հիշողության կորուստ ունեցող անձանց հետ աշխատելիս անում եմ առավելագույնը նրանց օգտակար լինելու համար և համոզված եմ, որ այս փորձառությունն ինձ ավելի լավ ծերություն ունենալու հնարավորություն կտա, ավելի լավ կապահովեմ իմ ծնողների ծերությունը և այն մարդկանց, ովքեր ցանկանում են սիրուն ծերանալ։
Որպես սոցիալական աշխատող հիշողության թեստավորման և գնահատման աշխատանքների ընթացքում ուղղորդում եմ մարդկանց, խորհրդատվություն եմ տրամադրում, ամփոփում եմ նաև այդ մարդկանց տվյալներն ու արդյունքները՝ հետագայում ունենալու համար մի ամփոփ տեղեկատվություն Հայաստանում ապրող և հիշողության կորուստ ունեցող անձանց վերաբերյալ։
Ալցհայմերի հիվանդությունն ունեցող մարդիկ ունեն շատ կարծրատիպեր՝ ամաչում են, որ իրենց մոտ որևէ գործողություն չի ստացվում, ամաչում են իրենց կարգավիճակից ու ես պատրաստ եմ իմ աշխատանքով նրանց օգնել՝ հասկանալու համար, որ այդ հիվանդությունը դատավճիռ չէ, պետք է դիմել բժշկի և օգտվել այն ծառայություններից, որոնց միջոցով ավելի հեշտ կհաղթահարեն իրենց կարգավիճակը։
Իմ կարևոր սկզբունքն է նրանց վերաբերվել որպես մեծի, ով ունի կյանքի հարուստ փորձ ու իմաստություն, ումից պետք է սովորել ու խորհուրդներ լսել, իսկ նրանց տալ սեր, ջերմություն ու հոգատարություն։
Ապրում եմ ազատ, սիրում եմ օգնել մարդկանց ու բարին կամենալ․ ահա իմ ապրելու բանաձևը»։

Մարիամ Բադալյան,
Սոցիալական աշխատող, «Ալցհայմերի խնամք Հայաստան»